T-Shirts with patterns
of Artsakh Carpets
Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը, ով Հայաստանի, Արցախի տարբեր գյուղերից, նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից գտել և գնել էր հին հայկական գորգեր և ստեղծել Շուշիի գորգերի թանգարանը։ Շուշիում թանգարանն ուներ շուրջ 300 գորգ, որոնք գործվել էին 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ։ Հիմնականում արցախյան ավանդական գորգեր են։ Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի հավաքածուն մշտական ցուցադրությանը ներառում էր 120-ը՝ «Վիշապագորգեր», «Աստղագորգեր», «Ծաղկագորգեր», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգեր» և այլն։ Հավաքածուից վերականգնվել են առավել վնասված գորգերը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերջին օրերին թանգարանի հիմնադիր՝ Վարդան Ասծատրյանը, կանխազգալով Շուշիի անկման վտանգը, որոշում է կազմակերպել տարհանումը, որը կատարվում է գիշերով և այդ գործի մեջ մեծ խիզախություն են ցուցաբերում իր ընկեր Ավետ Ավանեսյանը և վարորդ Արմեն Խաչատրյանը, վերջինիս հաջողվում է տարհանել թվով մոտ 160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 խեցեղեն և 50 գեղանկար։ Նոյեմբերի 1-ի գիշերը առանց մեքենայի լուսարձակների, թշնամու կրակի տակ, Արմենը հասցնում է բոլոր նմուշները Երևան։
Այժմ գորգերը ժամանակավորապես ցուցադրվում են Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում:
Արևագորգ,
19-րդ դարի վերջ, Տող, Հադրութի շրջան
Այս գորգի վրա պատկերված Է արևի մեկ օր՝ առավոտ, կեսօր և մայրամուտը: Արևի շուրջ են էգ ու արու թռչուններ, որոնք Աստծո հետ կապի խորհրդանիշն են՝ լուր բերող։ Արևը հավասարակշրության և ներդաշնակության խորհուրդն է, քանի որ շողում է հավասար բոլորի համար։
Կարպետ Աստղեր,
19-րդ դարի երկրորդ կես, Հերհեր, Մարտունու շրջան
Աստղերը միշտ էլ մարդկանց համար անհասանելի ու միստիկական պաշտամունքի աղբյուր են եղել։ Աստղերը պաշտամունքի առարկա են գրեթե բոլոր ժողովուրդների մոտ և գորգերի մեջ ամենատարածված զարդանախշն են։ Արևը հենց աստղ է:
Ուղեգորգ Մեղու,
19-րդ դարի երկրորդ կես, Շուշի
Մեղուների նյութական սիմվոլիզմը աշխատասիրությունն է, իսկ հոգևոր նշանակությունը՝ Մեծ մոր պաշտանմունքը, որովհետև մեղուների մոտ մայրիշխանություն է։ Անահիտ դիցուհին Մեծ մայրն ե: Արցախում տարիքով մեծ կանանց Այա էին ասում, ինչն էլ նշանակում է սուրբ (Ագիոս՝ ἅγιος, ἁγία հունարեն)։